ՀՀ-ն ու Իրանը քննարկել են տրանսպորտային նախագծերի շրջանակներում համագործակցության հարցեր

ՀՀ-ն ու Իրանը քննարկել են տրանսպորտային նախագծերի շրջանակներում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման համար։

Երկուստեք անդրադարձ է կատարվել մի շարք տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն Իրանի փոխարտգործնախարարին տեղեկացրել է նաև Հայաստանի բեռնափոխադրողների կողմից բարձրացված՝ սահմանահատումների ընթացքում ֆիտոսանիտարական վերահսկման փաստաթղթերի ներկայացման ընթացակարգային խնդիրների վերաբերյալ՝ իրանական կողմին առաջարկելով դիտարկել այդ ընթացակարգերը դյուրացնելու և էլեկտրոնային տարբերակով ու փոխադարձության սկզբունքով այդ հարցը կարգավորելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պատրաստատակամություն են հայտնել համագործակցելու ենթակառուցվածքների ոլորտի զարգացմանն ուղղված փոխշահավետ նախաձեռնություններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում