Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Թուրքիայում այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Կուլեբայի միջև կայացած եռակողմ հանդիպումը: «ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրել է Կուլեբային այն գործողությունների մասին, որոնք ձեռնարկել է ԱՄՆ-ն՝ համագործակցելով G7-ի և ԵՄ հետ՝ մեծացնելու ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բլինկենը վերհաստատել է ԱՄՆ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Նրանք կիսվել են մտահոգություններով, որ Ռուսաստանն ակտիվացրել է ապատեղեկատվական քարոզչությունը՝ խաբելու աշխարհին, այդ թվում և ՄԱԿ-ին: Պետքարտուղարը տեղեկացրել է ԱՄՆ և համաշխարհային ջանքերի մասին՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին իր կանխամտածված, սանձազերծած և արդարացում չունեցող պատերազմի համար՝ ընդդեմ Ուկրաինայի, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Բելառուսին՝ Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ:
Կարծիքներ