Բայդենը, Մակրոնը եւ Մերկելը Արցախի մասին. Հայաստանը դեռ հնարավորություն ունի
Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներում ԱՄՆ նախագահ Բայդենը եւ Գերմանիայի կանցլեր Մերկելը հիշատակում են Մինսկի խմբի շրջանակում Արցախի կարգավորման խնդիրը: Բայդենի ուղերձում նշվում է, որ «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»: Մերկելի ուղերձում նշվում է, որ «Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
Հայաստանի վարչապետի հետ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցում նշվում է, որ «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում»: Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը»:
Խոսքը նախեւառաջ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի մասին է, որը պաշտոնապես դեմ է Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորմանը եւ համարում է, որ եռակողմ պայմանավորվածությունները խնդրի լուծում են: Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է վերաբերել բոլոր երեք համանախագահներին, որոնք համաձայնության չեն գալիս ինչ-ինչ հարցերի շուրջ, թեեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները գոնե հրապարակայնորեն նույնական են:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հնարավոր է այդպիսով փորձում է իր համար «ալիբի» ստեղծել, նկատի առնելով, որ ԱՄՆ Պետդեպը ակնարկել է, որ հայկական կողմն այդքան էլ վճռական չէ խնդիրը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելուն: Հայկական կողմի հասցեին նման, ավելի մեղմ ակնարկներ կան Ֆրանսիայի հայտարարություններում:
Այս հանգամանքը նկատելի է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությունում, որն իր շեշտադրումներով ու բովանդակությամբ էականորեն տարբերվում է ապրիլի 13-ի հայտարարությունից:
Ռուսաստանը մի ոտքով մնում է Մինսկի խմբում, փորձելով եռանախագահությանը հակել ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթի օրինականացմանը խմբի շրջանակում: Դա ինչ որ չափով կարծես թե հաջողվում է հայկական կողմի անվճռականության ու եռակողմ հայտարարություններին անվերապահ հավատարմության մասին հայտարարությունների ֆոնին: Կրեմլի քվոտայով կազմավորված նոր խորհրդարանը նույնպես ամբողջությամբ իր հավատարմությունն է հայտնել ռուս-թուրքական համաձայնություններին ու Ռուսաստանի գերակա դերին: Իսկ դա նշանակում է համաձայնություն Արցախի հարցի փակման ու Հայաստանի մասնատման ծրագրերին:
Այնուամենայնիվ, ՄԽ վերջին հայտարարությունը, ինչպես նաեւ Արեւմեւտքի առաջատար երկրների ղեկավարների հայտարարությունները դեռ բաց են պահում Հայաստանի հնարավորությունների դուռը: Խորհրդարանում ծավալված զազրելի գզվռտոցը եւ Հայաստանում Ռուսաստանի «նոր եղբայրական ջանքերը» առավել հավանական են դարձնում, որ այդ դուռը փակվելու է վերջնականապես:
Կարծիքներ