ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնում Գեղամ Վարդանյանին կփոխարինի Վարոս Սիմոնյանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը ՀՀ կառավարությանը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մտադրության մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը:
«Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:
Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են ստորագրման փուլում և ուժի մեջ կմտնեն ու կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ղեկավարների ստորագրումից հետո»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տրամադրած պատասխանի մեջ:
Կարծիքներ