ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ ձայներ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության համար
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ, որ ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընտրվի: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Մենք կարծում ենք, որ երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի է: Եվ այս պահին մենք ունենք պատրաստակամություն՝ ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և ունենք պատրաստակամություն՝ կառուցողական աշխատանքի: Կարծում ենք, որ ցանկացած հայ՝ ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախ և առաջ մտածում է երկրի մասին: Մենք մեր երկրում թշնամիներ, հակառակորդներ չունենք, ունենք քաղաքական մրցակիցներ, իսկ թշնամին սահմանին է և սահմանից անդին»,-ասաց Բաղդասարյանը:
Նա շեշտեց՝ սահմանին կանգնած զինվորն այսօր պետք է հաստատակամ լինի, որ իր թիկունքն ամուր է, և այդ ամրությունը պետք է զգացվի քաղաքական թիվ մեկ ամբիոնից: «Հայաստանի պետականության, սահմանների անառիկության հարցում մենք այլախոհություն չենք կարող ունենալ: Եվ այո, հենց այստեղ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնում պետք է լինենք համախոհ, միախոհ, եթե մեզ համար գերադասելի է պետական շահը»,-ասաց նա:
Բաղդասարյանը ցավալի համարեց, երբ մարդիկ շահարկում են պատերազմը: Նա շեշտեց՝ որևէ մեկն անմասն չի մնացել պատերազմից:
«Կառավարող խմբակցությունը հակված չէ երկիրը տանել կոլապսի կամ սահմանադրական ճգնաժամ առաջացնել: Մեզ համար առավել գերադասելի չէ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր որևէ գործիչ, մեզ համար առավել գերադասելի է ՀՀ շահը»,-ասաց նա ու հավելեց՝ խմբակցության դիրքորոշման մասին կհայտնի թեկնածուի՝ Սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո:
ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո նա ասաց. «Չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի»:
Կարծիքներ