Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավն է. ԱԺ փոխխոսնակ

Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավն է. ԱԺ փոխխոսնակ

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ռուսական զենքն ամենալավն է, իսկ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության գործողություններն առավելագույնս դաշնակցային են եղել Հայաստանի նկատմամբ:

Այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները պատերազմի ընթացքում առավելագույնս դաշնակցային են եղել, ու համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում