Գիշերային ակումբում երկու երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Նորատուսի բնակիչ
Բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնութւյան հետ կապերի վարչությունից, 2022թ. մարտի 16-ին ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդի՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:
Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Կարծիքներ