Գևորգ Բաղդասարյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին։
Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը և արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում Խորհրդի կողմից իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում փաստելով կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ նաև Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարծիքների հաշվառմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ գործողության մեջ է և այդ ինստիտուտը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում։
Գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ Խորհրդի կողմից ներգրավված փորձագետների կարծիքները լուրջ ներդրում են եղել դրանց կատարելագործման համար, և նշել, որ օրենսգրքերի ընդունումից հետո դրանց գործնական պատշաճ կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել նաև կադրերի ուսուցման և վերապատրաստման, գիտագործնական, մեթոդական ուղեցույցների ու մեկնաբանությունների մշակմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ։
Մաքսիմ Լոնգագեն տեղեկացրել է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հանձնառու է աջակցելու քննարկված ոլորտներում բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի շրջանակներում շարունակելու է մասնակցել անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։
Առանձին անդրադառնալով խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին՝ կողմերը ծավալուն քննարկում են ունեցել ՀՀ դատախազության կողմից նախաձեռնված՝ իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ պաշտոնատար անձանց վիրավորանքի քրեականացման գաղափարի շուրջ, որի ընթացքում Մաքսիմ Լոնգանգեն փաստել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի միջոցները չպետք է դառնան խոսքի ազատությունն ու քննադատությունը սահմանափակող գործիքներ։ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ առաջ քաշված գաղափարն ու դրա հիման վրա կազմված օրենսդրական փոփոխությունների նախագիծը քննադատության դեմ պայքարի միջոց չէ և ուղղված է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ նրանց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պետության, պետական ինստիտուտների հեղինակությունը պաշտպանելուն։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և առավել ակտիվացնել համագործակցությունը՝ քննարկված հարցերի լուծման նպատակով։
Կարծիքներ