Տրանսպորտային ապաշրջափակման իրավական հիմքը նախևառաջ ԱՊՀ նորմատիվ իրավական ակտերն են. Օվերչուկ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Հայաստանը և Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները՝ տեխնիկական և իրավական տեսանկյունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում։
«Տեղի է ունենում բոլոր միջազգային նորմատիվ, իրավական ակտերի գույքագրում: Առաջին հերթին՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ կառույցի անդամ են: Պատահել է այնպես, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բազմակողմ պայմանագրեր են ստորագրվում, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ վերապահումներ են ներկայացնում՝ բացառելով այդ պայմանագրերի ազդեցության տարածումը հակառակ կողմի վրա: Նման վերապահումները, որոնք խոչընդոտում են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի իրականացմանը, պետք է հանվեն», - ընդգծել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներում գարնանն աշխատել են ՌԴ տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները:
«Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրների միջև առևտրային փոխադրումների հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհային մակերևույթների, երկաթուղային ճանապարհների, կամուրջների, ճանապարհների տակ գտնվող խողովակների վիճակը: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր երթուղիներն անպետք են դարձել, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքներով՝ կողմերը կարողացել են ուրվագծել հետագա քայլերը տրանսպորտային հաղորդակցության բացման համար: Աշխատանքի մեծ հատված կապված է նաև իրավական հարցերի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, անցակետեր, մաքսատներ, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարևան երկրների միջև: Վերջին 30 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արել են ամեն ինչ, որպեսզի իրենց միջև տեղաշարժն անհնար լինի: Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն»,-նշել է Ալեքսեյ Օվերչուկը:
Նա ընդգծել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատում էին միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումներ գտնեն:
«Մարդկանց համար բարդ է, քանի որ նրանք իրենց վրա են կրում նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Կարծիքներ