Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ. Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ. Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Ի պատասխան Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հրապարակման՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է.

«Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ, միջազգային չափանիշների ու լավագույն փորձի կիրառմամբ և նախօրոք ներկայացված հստակ ձևաչափով:

Նախորդ ընտրություններին կազմակերպված բանավեճերին Հանրային հեռուստաընկերության կողմից ընտրված մոդերատորը պահպանել է բանավեճի արդարության և հավասարության կանոնները, ապահովել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար:

Հանրային հեռուստաընկերությունն այս ձևաչափի շրջանակում որևէ քաղաքական ուժից մինչև օրս չի ստացել բացասական արձագանք մոդերատորների թերի կամ կողմնակալ աշխատանքի վերաբերյալ:

Կարևոր է, որ Հայկ Մարությանին առաջադրած կուսակցության ներկայացուցիչները երեկ մասնակցել են բանավեճին ընդառաջ կազմակերպված բացատրական հանդիպմանը, որտեղ էլ բանավոր հաստատել են իրենց մասնակցությունը բանավեճին։

Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների խմբագրությունը Հայկ Մարությանին հրավիրել է նաև «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրին, ինչին ի պատասխան կուսակցությունն առաջադրել է նախապայման՝ կմասնակցեն հեռուստաբանավեճին միայն այն դեպքում, եթե Հայկ Մարությանը Պետրոս Ղազարյանին հյուրընկալվի քարոզարշավի վերջին օրը։

Հանրային հեռուստաընկերության համար նախապայմաններն անընդունելի են, և մենք շարունակում ենք բաց պահել Հայկ Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը, որի նպատակն է օգտագործել Հանրայինի հարթակը սեփական ծրագիրը ներկայացնելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում