Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով սեռական շահագործման ենթարկելու գործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված անձին, նախնական համաձայնությամբ, սեռական շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները:
«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևան քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել և ժամանակի ընթացքում մտերմացել են։ Վերջիններս տեղյակ լինելով նույն տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հոգեկան հիվանդության առկայության մասին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և շահագործել նրան:
Այսպես՝ 36-ամյա կինը վերջինիս բնակեցրել է իր բնակարանում և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դրանց գործադրման սպառնալիքներով 2021թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հարկադրել է տարբեր, այդ թվում՝ իր կողմից առաջարկված անձանց հետ ունենալ սեռական հարաբերություն և ստացած գումարները տալ իրեն, իսկ 44-ամյա կինը տեղում վերահսկողություն է իրականացրել և մատուցած ծառայությունների արդյունքում ստացած գումարները վերցրել և փոխանցել է ընկերուհուն:
Միաժամանակ նրանցից մեկի ծանոթը, տեղյակ լինելով վերը նշվածի մասին և օժանդակելով հանցագործության կատարմանը, պարբերաբար տեղեկություններ է հայտնել հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված կնոջ վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, իսկ նրանց ծանոթին՝ 38-1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ ծանոթի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ