Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը դժգոհ չէ խաղերի իր արդյունքից:
«Շատ ոգևորված եմ ու տպավորված: Երբ մուտք գործեցինք լողավազան, երկրպագուների աղմուկն ազդեցիկ էր: Այս ամենը չկար Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Հենց դա էլ ինձ մոտիվացրեց արդեն լողի ընթացքում»,-«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մանուչարյանը:
Վերջինիս խոսքով` ի տարբերություն Տոկիոյի, այս խաղերում ինքն առավել վստահ էր, առավել հանգիստ: Եվ գրանցած` 1:01.24 արդյունքն իր համար բավարար է:
«Արդյունքս ինձ շատ գոհացրեց, որովհետև քիչ ժամանակ ունեինք նախապատրաստվելու Օլիմպիական խաղերին: Սեփական արդյունքս բարելավել եմ 20 միլիվայրկյանով»,-ասաց նա:
Անդրադառնալով Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որին Մանուչարյանը Հայաստանի երկու դրոշակակիրներից մեկն էր, նա ընդգծեց, որ շատ տպավորված է բացման պաշտոնական արարողությամբ և կազմակերպչական մակարդակով:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանից առաջինը մրցեց լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Փարիզի «La Defense» արենայում կայացած որակավորման փուլի 100 մետր բատերֆլայ ոճում Մանուչարյանն իր լողահերթում երրորդն էր` 1:01.24 արդյունքով:Որակավորման փուլում Մանուչարյանը միայն 26-րդն էր:Կիսաեզրափակիչ դուրս եկան առաջին 16 մարզիկները:
Կարծիքներ