Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

Այսօր՝ մարտի 7-ին,  Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը կազմակերպվել է  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ։

Նիստի ընթացքում քննարկվել է Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները:

Միջոցառման սկզբում  բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ տկն․ Սիլվիա Մեստրոնին:

Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ,  արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջունել է  ներկաներին՝  ընդգծելով, որ  Անչափահասների արդարադատության խորհուրդն, արդեն իսկ հասցրել է դառնալ միջգերատեսչական քննարկումների համար հարթակ՝ բարձրաձայնելու ոլորտային տարբեր խնդիրներն ու նախանշելու դրանց լուծման ուղիները:  Վերջինս   կարևորել է   օրակարգում ներառված հարցերը՝  նշելով, որ համատեղ քննարկումը հնարավորության  կտա թիվ 1 հատուկ կրթահամալիրի վերակազմակերպման հնարավորություններն առավել ամբողջական դիտարկել։ Հակասոցիալական վարք դրսևորող երեխաների հետ աշխատանքը պետք է լինի ավելի հասցեական, թիրախավորված և միտված երեխայակենտրոն մոտեցումների ամրապնդմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանն ընդգծել է  «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում ներառականության ապահովման անհրաժեշտությունը բոլոր երեխաների համար, ինչպես նաև առաջարկել է կրթահամալիրի վերակազմավորման շրջանակում առաջնորդվել  այդ մոտեցումներով։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին  ընդգծել է ներառական կրթության կարևորությունը և բազմամասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը՝ համայնքներում երեխաների կոնկրետ կարիքները հաշվի առնելով նրանց լավագույն շահերին համապատասխանող ծառայություններ մատուցելու  համատեքստում։

Նիստի ընթացքում  ելույթով հանդես է եկել  նաև  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող  Վիկտորյա Օհանյանը, ով ներկայացրել է միջազգային փորձը վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մոդելների
վերաբերյալ,  ինչպես նաև  ոլորտի  վերաբերյալ  առաջակություններ՝ հիմնվելով ուսումնասիրությունների վրա:  

Նիստի ընթացքում  ոլորտի  շահագրգիռ  կառույցների մասնակցությամբ   քննարկվել է ներկայացված մոդելների   կիրառման հնարավոր  դժվարություները և իրակացման  առկա ռեսուրսները:

Միջոցառման ավարտին որոշում է կայացվել ստեղծել  Անչափահասաների արադարադատության խորհրդի անդամներից բաղկացած նեղ կազմով աշխատանքային խումբ, որը կդիտարկի վերակազմակերպման հնարավոր տեսլականը, և խորհրդին կներկայացնի հստակ առաջարկներ։

Նիստին  հրավիրված էին Անչափահասաների արադարադատության խորհրդի  պետական, միջազգային և հասարակական, ինչպես նաև թեմային առնչվող շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում