Մինասյանի և Ալիևի ցանկությունները համընկնում են

Մինասյանի և Ալիևի ցանկությունները համընկնում են

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդեն տևական ժամանակ է, աչքի է ընկնում ակտիվ բլոգերային գործունեությամբ: Հետախուզման մեջ գտնվող հայտնի փեսան խոհանոցային տեսաուղերձները փոխարինել է ֆեյսբուքյան գրառումներով, որտեղ պաթետիկ ու լալահառաչ բառամթերքով ողբում է Հայաստանի «դժբախտ ճակատագիրը»: Իրավամբ, այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենաբարդ, ամենատխուր օրերը, սակայն ամեն ինչ անդառնալի կորած չէ, քանի որ ինչպես ասում են՝ ամենամութ ժամը լուսաբացից առաջ է: Այսօր իսկապես, մեր հայրենիքի համար ամենամութ օրերից է, կարող ենք անվերջ փնտրել և գտնել մեղավորներ, պետական կառավարման համակարգում ձախողումներ, ներքին դավադրություններ: Կարող ենք ժամանակացույց կազմել և հատ-հատ վերլուծել բոլոր արված սխալների ետևում կանգնած մարդկանց գործունեությունը: Սակայն իրապես հայրենիքի համար սրտացավ մարդը պետք է որ առաջնորդվի մեկ սկզբունքով՝ մեղավորները պետք է պատասխան տան, իսկ պետական ապարատի աշխատանքը պիտի չպարալիզացվի: Այսօր առավել քան երբևէ պետք է լինենք համախմբված, միասնական ու պայքարենք մեկ նպատակի՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մի կողմ դնել անձնական վերաբերմունքն ու հակակրանքը, լծվել երկիրը կրկին շենացնելու կարևորագույն գործին: Ցավոք այսօր միաբանվելու, սերն առ հայրենիք գրառումներ անելուց իրական աշխարհ տեղափոխվելու պակաս կա, համընդհանուր ցավը ոչ միայն չի կոտրել ընդդիմություն-իշխանություն պատնեշը, այլ ավելի է ամրացրել այն, ընդհուպ դառնալով ադրբեջանական մամուլի համար քննարկման առարկա: Բավական է միայն կարդալ Միքայել Մինասյանի գրառումները, ապա Իլհամ Ալիևի հարցազրույցները, և տեսնել, որ նրանց հայտարարությունների, տեսակետերի միջև գրեթե տարբերություն չկա: Կարծում ենք, ամոթալի է լինել Հայաստանի թշնամի պետութան առաջնորդի հետ նույն գաղափարների կրողը, սա խոսում է ոչ թե գրառումների մեջ ներկայացված անձնազոհ հայրենասիրության մասին, այլ անգամ թշնամու ջրաղացին ջուր լցնելու հաշվին իշխանության վրա ցեխ շպրտելու մոլուցքի մասին: Պարոն Մինասյանին պետք է հիշեցնել, որ հայրենիքը սիրում են լուռ, առանց դրա մասին թմբկահարելու, սիրում են անձնազոհ ու հայրենանվեր գործունեությամբ, գեղեցիկ նախադասություններ կազմելը դեռ երբեք հայրենիքը սիրելու ապացույց չեն եղել: Հայրենիքի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին թերևս խոսում են Միքայել Մինասյանի նույն իմաստն ունեցող, տարբեր կերպ ձևակերված Փաշինյան հեռացիր գրառումները: Ի դեպ, այսօր ևս մեկ անգամ Իլհամ Ալիևը վերահաստատեց, որ ունի նույն ցանկությունը, ինչ Մինասյանը՝ Փաշինյանը կհեռանա, նոր, առողջ քաղաքական ուժերի հետ Ադրբեջանը լավ հարաբերություններ կստեղծի: Այն, որ Ալիևի և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկնում են, կարծում ենք առնվզան ամոթալի է, և հռետորական հարց է առաջանում՝ ու՞մ հեռանալն է դարձել Հայաստանում հանգիստ ապրելու գրավական, միգուցե՞ հենց Մինասյանի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում